ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ապրիլին «սահմանազատելով» պետք է հասնեն Ոսկեպար․ ի՞նչ իրավիճակ է Տավուշում, ո՞ր հատվածներն են հանձնվելու Ադրբեջանին

Սահմանազատման ու սահամանգծման հարցը շարունակում է օրակարգային հարց մնալ, և այն վերջին օրերին հատկապես ակտիվացել է: Այդպես, երեկ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը փորձեց ճշտել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանից, թե որքանո՞վ են ճիշտ լուրերը, որ Տավուշում արդեն այս գործընթացը մեկնարկել է, սակայն Գրիգորյանն այնպիսի պատասխան տվեց, որից ոչ մեկ ոչինչ չհասկացավ:

Այսօր էլ մամուլում գրվեց, թե Տավուշից տեղեկություններ են հաղորդում, որ երեկվանից սկսվել են սահմանազատման աշխատանքները. «Ինչ-որ անձինք տեղանքի զննություն են իրականացնում հայ-ադրբեջանա-վրացական սահմանների հատման վայրում։ Երեկ մի քանի ժամ կողմերը չափագրման աշխատանքներ են իրականացրել»։

Ընդ որում  ուշագրավ է, որ Փաշինյանը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հունվարի 27-ից մինչեւ փետրվարի 10-ն արձակուրդ է ուղարկել, իսկ նրա պատգամավոր եղբայրը՝ Վահե Ղալումյանը, հարցին ի պատասխան, թե ճի՞շտ է, որ սկսվել է սահմանազատման գործընթացը, արձագանքել էր՝ տեղյակ չէ։

MediaHub-ը կապ հաստատեց տավուշցի Կարեն Ղազարյանի հետ, ճշտելու,  թե ի՞նչ վիճակ է մարզում, արդյոք ճիշտ են շրջանառվող լուրերը, որ սահմանազատման աշխատանքները մեկնարկել են: Վերջինս հաստատեց՝ ինչ–որ գործընթաց կա սահմանին։ «Այդ գործընթացը դեռ ակտիվ փուլում չէ, սահմանային ուղղակի հանդիպումներ են եղել Նոյեմբերյանի մաս կազմող Դեբեդավան գյուղում, որն այդ եռանկյուն հատվածի՝ Հայաստան, Վրաստան ու Ադրբեջան ամենավերջին գյուղն է, այդտեղից պետք է «սահմանազատելով գան»»,– նշեց Ղազարյանը։ 

Տավուշցի մեր զրուցակիցը նշեց, որ բնակիչները տեղյակ չեն գործընթացի մասին, բայց չեն էլ ժխտում, որ այդպիսին կա, ուղղակի դեռ ակտիվ չէ։ 

«Լուրեր են շրջանառվում, որ ապրիլին «սահմանազատելով» պետք է հասնեն Ոսկեպար, իսկ մինչև ց խնդիր չկա, տալու–վերցնելու տարածք չկա, ինչպես կա, այդպես էլ մնալու է, Բերդավանից է սկսվելու: Բերդավան-Կոթ հատվածում իբր մեզ պետք է հողեր տան, իսկ Ոսկեպարի հատվածում՝ մենք պետք է իրենց հողեր տանք»,– նշեց նա։

Հավելելով՝ նա նշեց, որ տեղեկություններ ունի, որ Ոսկեպարի մեծ հատվածն են տալու ադրբեջանցիներին, իսկ Լոռու մարզի Լորուտ գյուղը դառնալու է Ադրբեջանին սահմանամերձ։

Բայց, ավելացրեց նա, Ոսկեպարի, Աճարկուտի, Կիրանցի մասն այս պահին հանգիստ է ու ամենը նորմալ է։

Հիշեցնենք,  երեկ Գառնիկ Դանիելյանը հարց ուղղեց Մհեր Գրիգորյանին, թե որևէ հատվածի հանձնում կա՞ Ադրբեջանին։

«Ունենք հաստատված կանոնակարգ, որը հստակ նկարագրում է, թե ինչպես են կայացվում որոշումները, դրանք ինչ տեսք են ստանում եւ ինչպես են մտնում ուժի մեջ։ Այս շրջանակներում, կարծում եմ, կարող եք գտնել Ձեր հարցի պատասխանը»,- արձագանքել էր Մհեր Գրիգորյանը։ 

Ընդհանուր տրամադրությունը Տավուշում հետևյալն է. միանշանակ, կան տարածքներ, որոնք պետք է հանձնվեն Ադրբեջանին, և նրանք խիստ կասկածներ ունեն, որ Ադրբեջանը ինչ–որ հողեր կտա Հայաստանին, վստահ են՝ կլինի միակողմանի զիջում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular