Մոսկվան և Կիևը ենթարկվել են ԱԹՍ-ների հարվածների
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինական կողմը հայտնել է գիշերն անօդաչու թռչող սարքերով Կիևի մարզի վրա իրականացված հարվածների մասին, իսկ ռուսական կողմը հայտնել է մի քանի տարածաշրջանների և Մոսկվայի վրա իրականցված հարձակումների մասին. ՌԴ օդանավակայաններում սահմանափակումներ են մտցվել, տեղեկացնում է «Արմենպրես»-ը։
Կիևի իշխանությունները, ըստ BBC-ի ռուսական ծառայության, հաղորդել են, որ ռուսական ԱԹՍ-ների հարվածներից զոհվել է 2 մարդ։ Նրանցից մեկը մահացել է մասնավոր տան վրա ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով, մյուսը՝ 10-հարկանի շենքի վրա իրականացված հարվածի։ Եվս 2 մարդ դիմել է բուժօգնության։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հունվարի 23-ի երեկոյան մի քանի տարածաշրջաններում, այդ թվում՝ Կուրսկի, Բրյանսկի, Բելգորոդի մարզերում և Ղրիմում խոցվել է ուկրաինական 49 ԱԹՍ։
Այնուհետև գերատեսչությունը հայտնել է, որ լույս հունվարի 24-ի գիշերը երկրի տարածքում խոցվել է 121 ԱԹՍ, մասնավորապես՝ Բրյանսկի, Ռյազանի, Կուրսկի, Սարատովի, Մոսկվայի, Բելգորոդի, Վորոնեժի, Տուլայի, Օռլովի և Լիպեցկի մարզերում։
Ըստ ռուսական մի քանի Telegram ալիքների տվյալների՝ պայթյուններ են լսվել Ռյազանի նավթաբազայի մերձակայքում։
Մոսկվայի իշխանություններն իրենց հերթին հայտնել են, որ խոցվել են մայրաքաղաքի վրա արձակված ԱԹՍ-ները։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը նախ հայտնել է Ռամենսկոյե և Կոլոմնա քաղաքային շրջանների երկնքում 2 ԱԹՍ խոցելու մասին։ Այնուհետև նա տեղեկացրել է, որ ևս 2 ԱԹՍ ոչնչացվել է Պոդոլսկի քաղաքային շրջանում։
«Ռոսավիացիա»-ն հայտնել է, որ «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Ժուկովսկի» օդանավակայաններում թռիչքների սահմանափակումներ են մտցվել։
Ժամանակավորապես թռիչքների ընդունումը և մեկնումը դադարեցրել են նաև Կազանի, Սամարայի, Նիժեկամսկի, Պենզայի և Սարատովի օդանավակայանները՝ անվտանգության նկատառումներից ելնելով։