Բիթքոյնն արժեզրկվել է Թրամփի հրամանագրից հետո
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Ամենահայտնի կրիպտոարժույթը՝ բիթքոյնը, իջել է 100 հազար դոլարից ցածր՝ կրիպտոարժույթների ազգային պահուստ ստեղծելու հնարավորության մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրից հետո։
Այս մասին երկուշաբթի՝ հունվարի 27-ին, հայտնել է Bloomberg-ը։
Բիթքոյնն արժեզրկվել է ավելի քան 6,5%-ով՝ հասնելով 98 հազար դոլարից ցածր: Սրանից հետո կրիպտոարժույթը մի փոքր վերականգնել է իր դիրքերը և այժմ վաճառվում է 99 հազար դոլարի շեմին մոտ։ Գնանկումը գերազանցում է 5%-ը։
Բիթքոյնի անկումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ուրբաթ օրը Թրամփը հրամանագիր է ստորագրել՝ ստեղծելու աշխատանքային խումբ, որը խորհուրդ կտա Սպիտակ տանը կրիպտո քաղաքականության վերաբերյալ:
Կառույցին հանձնարարված է վեց ամսվա ընթացքում ԱՄՆ-ում թվային ակտիվների կարգավորող դաշտ առաջարկել, ինչպես նաև գնահատել կրիպտոարժույթի պահուստ ստեղծելու հնարավորությունը: Հրամանագիրը չի հաստատում, որ ԱՄՆ-ը կստեղծի բիթքոյն պահուստ, ինչը Թրամփը խոստացել էր անել նախընտրական քարոզարշավի ժամանակ։