ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրացի միլիարդատիրոջ դուստրը տասնյակ միլիոնավոր դոլարների փոխհատուցում կստանա՝ տանը վխտացող ցեցերի պատճառով

ԻՐԱՎՈՒՆՔ

Վրացի միլիարդատեր Բադրի Պատարկացիշվիլիի դուստրը՝ Իյան, և նրա ամուսինը՝ Եվհեն Հունյակը, փոխհատուցում կստանան այն բանից հետո, երբ պարզվել է, որ Լոնդոնում ավելի քան 39 մլն դոլարով գնված Հորբերի Վիլլա առանձնատանը ցեցեր են վխտում: Այս մասին գրում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ գույքը գնելուց առաջ ամուսինները և նրանց ներկայացուցիչները տուն են այցելել առնվազն 11 անգամ:

Ամուսինները վաղ վիկտորիանական ժամանակաշրջանի տունը գնել են 2019 թվականի մայիսին: Այն ունի յոթ ննջասենյակ, լողավազան, սպա սրահ, մարզասրահ, մառան, գրադարան, կինոթատրոն և հատուկ սենյակ՝ նախատեսված խաղաղ քնելու համար: Սակայն Հորբերի Վիլլա տեղափոխվելուց օրեր անց ամուսինները նկատել են ցեցերի ներխուժման նշաններ: Նրանք դատի են տվել տան վաճառողին՝ Ուիլյամ Վուդվորդ Ֆիշերին՝ փորձելով չեղյալ համարել վաճառքը:

Դատարանում զույգի ներկայացուցիչը նշել է, որ Հունյակն ամեն օր սատկացնում էր շուրջ 100 միջատ: Հունյակը դատարանին պատմել է, որ ցեցերն այնքան շատ էին, որ ընկնում էին իրենց երեխաների ատամի խոզանակների, պատառաքաղների և անգամ ճաշի վրա:

Երկուշաբթի Լոնդոնի Գերագույն դատարանի դատավոր Ջասթիս Ֆանկուրը վճռել է, որ Վուդվորդ Ֆիշերը կեղծ պատասխաններ է տվել Լոնդոնի արևմուտքում գտնվող գույքի վիճակի մասին և ազնվորեն չի ներկայացրել միջատների ներխուժման հետ կապված լուրջ իրավիճակը:

Դատավորը կարգադրել է չեղյալ համարել վաճառքը, իսկ Վուդվորդ Ֆիշերը պետք է փոխհատուցի վաճառքի գինը՝ հանած մոտ 7,4 միլիոն դոլար, որը հաշվվում է որպես ամուսինների կողմից գույքի օգտագործման վճար: Վուդվորդ Ֆիշերին նաև պարտավորեցրել են զույգին վճարել լրացուցիչ 5 միլիոն դոլար՝ որպես ցեցերի պատճառած վնասի փոխհատուցում, ներառյալ 18,000 դոլար վնասված հագուստի համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular