ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թանգարանները տարատեսակ միջոցառումներով միացել են Սուրբ Սարգսի տոնի տոնակատարություններին

ՄՇԱԿՈՒՅԹ

Հայաստանյան թանգարանները տարատեսակ միջոցառումներով միացել են Սուրբ Սարգսի տոնի տոնակատարություններին։ Փետրվարի 15-ին ժամը 13։00-ին տասը հաջողակ զույգ կայցելի Հայաստանի պատմության թանգարան, որտեղ ամենասիրված զույգերից մեկը` դերասան Ներսես Ավետիսյանը և լուսանկարիչ Լիլիթ Յունի Ղազարյանը հատուկ շրջայց կանցկացնեն «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» միջազգային բացառիկ ցուցադրության սրահում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փետրվարի 15-ին ժամը 14:00-ին Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում ևս կնշեն Սուրբ Սարգսի տոնը սիրո և արվեստի մթնոլորտում։ Միջոցառման ընթացքում կներկայացվի Մարտիրոս Սարյանի և նրա կնոջ՝ Լուսիկի, ջերմ ու հուզիչ սիրո պատմությունը, կընթերցվեն նրանց սիրային նամակները։

Փետրվարի 15-ին ժամը 15:00-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կանցկացվի «Սուրբ Սարգսի պատկերները հայ միջնադարյան արվեստում» թեմայով դասախոսությանը։ Բանախոսն արվեստագիտության թեկնածու, դոցենտ Քնարիկ Ավետիսյանն է։  Մինչ փետրվարի 16-ը Հայաստանի ազգային պատկերասրահի Հայ հին և միջնադարյան արվեստի սրահներում կցուցադրվի 19-րդ դարի անհայտ հայ նկարչի «Սուրբ Սարգիս» սրբապատկերը: Կտավում պատկերված են հայոց եկեղեցու ամենասիրելի սրբերից մեկը` Սարգիս զորավարը, և նրա որդին` Մարտիրոսը, որոնք 14 զինվորների հետ նահատակվել են հանուն քրիստոնեության: Նկարն Ազգային պատկերասրահ է բերվել Աշտարակի Կարմրավոր եկեղեցուց, որտեղ պահպանվել է նաև Սուրբ Սարգսին պատկերող 7-րդ դարի որմնանկար:

Հայաստանի փայտարվեստի թանգարանում նույնպես կանցկացվեն միջոցառումներ՝ վարպետաց դասեր՝ թելից ճակատնոցի կամ թևնոցի պատրաստման թեմատիկայով։ Կգործի նաև սիրային ֆոտոզոնա։

Փետրվարի 15-ին Գրականության և արվեստի թանգարանն ի նշանավորումն մեծանուն քնարերգու Վահան Տերյանի ծննդյան 140-ամյակի՝ գեղեցիկ անակնկալ է պատրաստել սիրահարների համար։ Թանգարանում դրված տուփից հանելով բացիկը՝ այցելուները հնարավորություն կունենան տերյանական բառերով սիրային խոստովանություն կարդալ ձեր սիրելիի համար։

Նախատեսված են միջոցառումներ նաև այլ մշակութային հաստատություններում։

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի հիշատակության օրը հայ եկեղեցու տոներից է: Այն ընդունված է նշել թե' եկեղեցական ծիսակարգով ու աղոթքներով, թե' աշխարհիկ ավանդույթների համաձայն: Տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց ապագա ընտրյալի հայտնությունը երազում: Սովորույթներից է նաև փոխինձով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին: Ըստ ավանդույթի` եթե Սուրբ Սարգիսը հրեշտակների ուղեկցությամբ անցնում է և ալյուրի կամ փոխինձի վրա թողնում ձիու պայտի հետքը, ապա այդ տարի իրականանում են երազանքները: Երիտասարդներն այդ օրը միմյանց բացիկներ և քաղցրավենիք են նվիրում: Տոնի առթիվ Սուրբ Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է պատարագ և կատարվում է երիտասարդների օրհնության կարգ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular