ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գյումրիում թնջուկը լուծվեց, բայց խնդիրները՝ մնացին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գյումրիում ՏԻՄ ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը երեկ հանգուցալուծվել է, բայց կարելի է ասել` թերևս մասամբ։ «Մեր քաղաքը» դաշինքից Գյումրիի համայնքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը, ի վերջո, հայտարարություն տարածեց` աջակցություն հայտնելով ամենաշատ ընդդիմադիր ձայները հավաքած թեկնածուին` Հայ կոմկուսի թեկնածու Վարդան Ղուկասյանին։ Ընտրությունների արդյունքները հայտնելուց անմիջապես հետո 2 այլ ուժեր` «Մայր Հայաստան» դաշինքն ու «Իմ հզոր համայնք» կուսակցությունը հայտարարել էին, որ առանց պաշտոնի ակնկալիքի միանում են Վարդան Ղուկասյանին։ Մարտուն Գրիգորյան էլ ընդամենը հայտնել էր, թե ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու։

Մի քանի օր շարունակ Գրիգորյանը բավականին լուրջ մարդկային և քաղաքական ճնշման տակ էր գտնվում։ Հաշվի առնելով նրա և Վարդան Ղուկասյանի ընտանիքների միջև տասնամյակներով ձգվող հակամարտությունը, որի ընթացքում նաև կրակոցներ և զոհեր են եղել, շատերը, այդ թվում նաև գործող իշխանությունները, հույս ունեին, որ Գրիգորյանը, ի վերջո, չի միանա Վարդան Ղուկասյանին և իրենց կհաջողվի Սարիկ Մինասյանին դարձնել Գյումրիի քաղաքապետ։ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում նշել է, որ պատրաստվում է ընդդիմությանն անհրաժեշտ քվեները տալ, որպեսզի Վարդան Ղուկասյանն ընտրվի քաղաքապետ։ Նա ներողություն է խնդրել իր ընտրողներից, ազգականներից, ընկերներից ու սատարողներից, հայտնել, թե սա իր կյանքի ամենաբարդ ու ամենածանր որոշումն է եղել։

Ընդ որում, Մարտուն Գրիգորյանը հատուկ նշում է, թե այսուհետ հետագա ամբողջ պատասխանատվությունը` քաղաքի ճակատագիրը ՔՊ-ին չտալու մասով, մնում է մյուս 3 ուժերի վրա` փաստացի տարանջատվելով ընդդիմությունից։

Այդուհանդերձ, Գրիգորյանի այս հայտարարությունը փոքր-ինչ խնդրահարույց է, քանի որ, միանալով Վարդան Ղուկասյանին, որի ստեղծած արատավոր բարքերի դեմ ժամանակին անձամբ պայքարել է, Մարտուն Գրիգորյանն ինքն էլ ստանձնում է Գյումրիում առաջիկայում հնարավոր զարգացումների պատասխանատվությունը։

Գործող իշխանությունները երեկվանից խուճապի մեջ էին և վիրավորանքների ու հայհոյանքների տարափ էին տեղում Մարտուն Գրիգորյանի և մյուս թեկնածուների վրա։ Չի բացառվում, որ առաջիկայում իշխանությունը նաև փորձի Վանաձորի ճանապարհով տանել Գյումրիի իրավիճակը, երբ ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին պարզապես ձերբակալեցին և գրեթե 3 տարի պահեցին անազատության մեջ։ Ամեն դեպքում Գյումրին, եթե հետընտրական զարգացումները չտեղափոխի Երևան, ապա լուրջ խնդիրների առջև կարող է բախվել։

Մանան Իփակյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular