Առաջին զոհը Արարատում. Ալիկ Սարգսյանի գործունեության մեկնարկը
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԵրեկ երեկոյան Արարատի մարզի ՀՀԿ ղեկավար, նախկին ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը զրույցի է հրավիրել ՀՀԿ կառույցի փոխնախագահ Գագիկ Բեգլարյանին: Նորանշանակ պատասխանատուն հորդորել է Բեգլարյանին աշխատել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի և նրա թիմակիցների դեմ: Զրուցակիցների միջև տեղի է ունեցել բավական տհաճ խոսակցություն:
Բեգլարյանը հրաժարվել է աշխատել Աբրահամյանի դեմ, ինչն առաջացրել է Ալիկ Սարգսյանի զայրույթը, և խոսակցությունն ավելի սուր երանգներ է ստացել: Բեգլարյանը իրեն վատ է զգացել և քիչ անց տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է սրտի կաթվածից:
NewsBook-ը խնդրի հետ կապված զրուցեց ՀՀԿ ղեկավար, նախկին ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ, որը հաստատեց՝ ինքը և Բեգլարյանը երեկ զրուցել են:
«Բեգլարյանը հենց դիմացիս կաբինետում էր նստում, ինձ էլ 100 տարվա ընկեր է, միասին ամենալավ հարաբերություններն ենք ունեցել: Իմ մոտից է հենց դուրս եկել, գնացել իրա կաբինետ ու 1-2 ժամ հետո իրեն վատ զգացել: Ինձ չեն էլ դիմել, տղերքն արագ տարել են հիվանդանոց, ճանապարհին զանգել են, զանգել եմ Էրեբունի, դիմավորել են, զանգել եմ գլխավոր բժշկին, սակայն չեն կարողացել կյանքը փրկել: Զանգեցին, ասացին, որ վատ է, գնացել եմ հիվանադանոց ու մինչև վերջին պահը եղել այնտեղ»,- ասաց նա: Սակայն Ալիկ Սարգսյանը հերքեց, թե ինքը խիստ է խոսել Գագիկ Բեգլարյանի հետ. «Հլը գնացեք ճշտեք, կարողա երեկ չէ առաջին օրը շուկայում մեկի հետ խիստ խոսակցություն եմ ունեցել, բա կարել ա՞ տենց:
Գագոն իմ ընկերն ա եղել, իմ կողքի շատ հավատարիմ մարդ, նրա մահն իմ համար շատ մեծ կորուստ է, մանավանդ այս կարևոր պահին, որ ինքը տիրապետում է այս աշխատանքին, ես աշխատանքում Գագոյի վրա հենված եմ եղել, ո՞նց կարող էր իմ ու Գագոյի մեջ խոսակցութուն լիներ: Ամենաշատը Գագոն էր ուրախացել, որ եկել եմ մարզ, նա իմ ընկերն է եղել, սրա մասին ամբողջ մարզը գիտի»,- ընդգծեց նախկին ՀՀ ոստիկանապետը: Նկատենք, որ Բեգլարյանը մշտապես բարձր պաշտոններ է զբաղեցրել Արարատի մարզում և ակտիվորեն ներգրավված է եղել մարզի հասարակական-քաղաքական կյանքում: Գագիկ Բեգլարյանը եղել է Արարատի մարզի ՀՀԿ կառույցի փոխնախագահը: Նա եղել է ՀՀ Վերահսկիչ պալատի առաջին վարչության պետ: Ծնվել է 1959թ. օգոստոսի 1-ին, ՀՀ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում: 1976թ. գերազանցությամբ ավարտել է Արտաշատի թիվ 1 միջնակարգ դպրոցը: 1981թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը`ստանալով ինժեներ-տնտեսագետի որակավորում:
1988թ. ավարտել է Երևանի Մարքսիզմ –Լենինիզմի համալսարանը:
1984թ. վերապատրաստվել է Մոսկվայի Վ. Վ. Կույբիշևի անվ. Ղեկավար աշխատողների վերապատրաստման ինստիտուտում, 2002թ.՝ ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի համալսարանում:
1982-1994թթ. աշխատել է Արտաշատի պարկետի ֆաբրիկայում որպես գլխ. մեխանիկ: 1
994-1998թթ. աշխատել է Արտաշատի միջշրջանային ջրմուղկոյուղու վարչությունում որպես իրացման բաժնի պետ:
1998-2009թթ. աշխատել է Արտաշատի քաղաքապետի խորհրդական:
2009թ.-ից աշխատել է ՀՀ վերահսկիչ պալատում որպես գլխավոր մասնագետ, վարչության պետի տեղակալ:
2016 թ. ապրիլից նշանակվել է առաջին վարչության պետ: Տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուների: Զինապարտ է, ԶՈւ պահեստազորի ավագ լեյտենանտ: ՀՀԿ Խորհրդի անդամ է :
2013թ. պարգևատրվել է ՀՀԿ Նախագահի պատվոգրով: Ամուսնացած է, ունի երեք երեխա: Նախասիրությունը` արվեստ, ճամփորդություն:
Նյութի աղբյուրը ` Newsbook.am