Վերջին հինգ տարվա ընթացքում առաջին անգամ Թուրքիային հրավիրել են ԵՄ խորհրդի ոչ պաշտոնական հանդիպմանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կայցելի Բրյուսել՝ մասնակցելու ԵՄ Խորհրդի ոչ պաշտոնական հանդիպմանը։
Սա ԵՄ-ի կողմից Թուրքիայի առաջին նման հրավերն է վերջին հինգ տարվա ընթացքում:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Օնջու Քեչելին հաստատել է Ֆիդանին միջոցառմանը հրավիրելու փաստը։
«Մենք ողջունում ենք այդ հրավերը։ Այն նաև նշան է, որ ԵՄ-ն հասկանում է Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը տարածաշրջանային և գլոբալ մարտահրավերների պայմաններում։
Հարաբերություններում առաջընթացի հասնելու համար կարեւոր է, որ ԵՄ-ի հետ մեր համագործակցությունն ու երկխոսությունը բոլոր ոլորտներում ընթանա մշտական և համակարգված հիմունքներով և ընթանա կանխատեսելի ձեւով»,–Քեչելիի խոսքերն է մեջբերել TRT հեռուստաալիքը:
Եվրամիության արտաքին գործերի և պաշտպանության նախարարները օգոստոսի 29-30-ը կհավաքվեն Բրյուսելում ՝ ԵՄ Խորհրդի ոչ պաշտոնական հանդիպմանը:
Ինչպես ավելի վաղ ՏԱՍՍ-ին հայտնել Էր Բրյուսելում դիվանագիտական աղբյուրը, մասնակիցները կքննարկեն Կիևին նոր ռազմական մատակարարումների հնարավորությունները Կուրսկի մարզ ներխուժման հետեւանքով ուկրաինական ուժերի մեծ կորուստների ֆոնին:
Թուրքիան Ուկրաինական հակամարտությունում ավանդաբար հանդես է գալիս երկխոսության օգտին և կողմերին բանակցությունների կոչ է անում։