Ծանոթ ու միաժամանակ անհայտ … սուպերսոսինձ
ՖՈՏՈՍուպերսոսինձը ցանկացած գործիքների հավաքածուի անբաժանելի մասն է հանդիսանում: Բայց դուք գիտե՞ք, որ այդ հեղափոխական գյուտը պատահականությունից է ծնվել: Սուպերսոսինձի պատմությունը զարմանալի պատմություն է ամերիկացի քիմիկոսի բախտի և հանճարի մասին, ով կատարել է 20-րդ դարի այդ ամենահայտնի ու պիտանի հայտնագործություններից մեկը:
Հարրի Քուվերը ծնվել է 1919 թվականի մարտի 6-ին ամերիկյան Դելավեր նահանգի Նյուարկ քաղաքում։ Նրա ճանապարհը դեպի գիտություն կարող էր գրեթե կտրվել դեռ դեռահասության տարիներին: Բանն այն է, որ նա 16 տարեկանում լուրջ ավտովթարի ենթարկվեց, երբ նրա մեքենան բախվեց գնացքին։ Նա ավելի քան մեկ ամիս անցկացրել է կոմայի մեջ, և երբ ուշքի է եկել, ոչինչ չի կարողացել հիշել իր կյանքի մասին մինչ վթարը։ Բայց Քուվերը չի հանձնվել: Նա շարունակել է ապաքինվել ու սովորել, ապա ընդունվել է քոլեջ և հետագայում դարձել փայլուն քիմիկոս։ Քոլեջն ավարտելուց հետո Քուվերը ստացել է քիմիայի մագիստրոսի կոչում, իսկ հետո՝ 1944 թվականին պաշտպանել է իր դոկտորական կոչումը հեղինակավոր Կոռնելի համալսարանում։ Նրա վաղ հետազոտությունները կենտրոնացած էին վիտամին B6-ի վրա, և նրա հայտնագործություններն անգամ օգնել են ԱՄՆ-ի բանակին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Բայց իրական փառքը նրան դեռ առջևում էր սպասում։
Շուտով գիտնականն աշխատանքի է ընդունվել Eastman Kodak ընկերությունում։ Այդ ժամանակ Kodak-ը ուսումնասիրում էր սինթետիկ նյութեր, որոնք կարող էին փոխարինել օդանավերի օպտիկական ապակուն: Այդ նպատակին Քուվերի առաջարկած նյութերից էին ցիանոակրիլատները՝ գելանման նյութեր, որոնք խոնավության հետ շփվելիս ակնթարթորեն վերածվում էին պինդ զանգվածի: Բայց հետազոտությունները պարզեցին, որ դրանք չափազանց կպչուն են և անօգուտ են օպտիկայի հետ աշխատելու համար, և շուտով մոռացվեցին:
1951 թվականին Քուվերը, ով արդեն տեղափոխվել էր Թենեսի, կրկին հանդիպեց ցիանոակրիլատներին։ Այս անգամ նա նոր նյութ էր փնտրում ռեակտիվ ինքնաթիռներում ինքնաթիռի ապակիներն ամրացնելու համար։ Հիշելով հին փորձը նա փորձեց օգտագործել ցիանոակրիլատները։ Արդյունքում երբ փորձերի ժամանակ նրա գործընկերն անփութության պատճառով պատահաբար իրար կպցրեց թանկարժեք սարքավորումները, Քուվերը հասկացավ, որ հայտնագործություն է արել, և որ այն կարող է փոխել աշխարհը: Վնասված սարքավորումների համար մեղադրվելու փոխարեն Քուվերի թիմը հասկացավ նյութի ներուժը և արտոնագրեց այն։ Սուպերսոսինձը շատ արագ ժողովրդականություն ձեռք բերեց ոչ միայն առօրյա կյանքում, այլ նաև տարբեր ոլորտներում՝ բժշկությունից մինչև կրիմինալիստիկա: Օրինակ 1960-ականներին Վիետնամի պատերազմում սուպերսոսինձ էին օգտագործում զինվորների արյունահոսություններն արագ դադարեցնելու համար:
Հարի Քուվերն իր կյանքի ընթացքում չի ստացել միլիոնավոր դոլարների հասնող հոնորարներ իր գյուտի համար: Eastman Kodak-ը, ի վերջո, վաճառել է սուպերսոսինձի իր իրավունքները: 2011 թվականին՝ իր մահվան պահին Քուվերն ուներ 460 գյուտերի արտոնագրեր, բայց սուպերսոսինձն է եղել նրա ամենահայտնի հայտնագործությունը:
Կ. Խաչիկյան