«Ալիևն ուժի դիրքերից. Բաքուն երկու պայման է դրել Երևանի հետ խաղաղության ճանապարհին»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԲաքուն և Երևանը դեռ համաձայնության չեն եկել ապագա խաղաղության պայմանագրի երկու հոդվածների շուրջ, դրանք են միմյանց նկատմամբ միջազգային պահանջներից զերծ մնալը և հայ-ադրբեջանական սահմանին երրորդ կողմերի ներկայության բացառումը։ Այդ մասին RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, գրում է eadaily.com-ը։
Այսպիսով, ադրբեջանական կողմը պաշտոնապես հայտարարել է խաղաղության պայմանագրի դեռևս չհամաձայնեցված դրույթների բովանդակությունը։ Եթե այդ հարցերի շուրջ մնացած տարաձայնությունները, որոնց մասին Ալիևը խոսել է որպես իր երկրի պայմաններ, լուծվեն, ապա Ադրբեջանի նախագահը խոչընդոտ չի տեսնում երկկողմ փաստաթուղթ ստորագրելու համար։
Այնուամենայնիվ, նա կրկին հիշեցրել է Հայաստանի Սահմանադրության մեջ Ադրբեջանի դեմ «տարածքային պահանջների» առկայությունը և հայտարարել, որ անհրաժեշտ է դրանք վերացնել տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն հաստատելու համար։ Ալիևի առանձին «պայմանը» վերաբերվում է Հայաստանի ռազմականացմանը, ինչին էլ նա հանգամանորեն անդրադարձել է, բայց միևնույն ժամանակ ընդգծել, որ այդ հարցը դուրս է խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցությունների շրջանակներից։ Հայաստանը պետք է հասկանա, որ ոչ ոք իրեն «հողի վրա» չի օգնի Ադրբեջանի դեմ «սադրանքի» դեպքում, և դա չնայած ԱՄՆ-ի և Ֆրանսիայի աջակցությանը, ասել է Ալիևը։ Նա Ֆրանսիայի կողմից հարձակողական զենքի մատակարարումը Հայաստանին անվանել է «գործնական սպառնալիք» Ադրբեջանի համար։ «Հայաստանի զինման գործընթացն առաջ է ընթանում յոթ մղոնանոց քայլերով», - հայտարարել է Ալիևը։ Ինչպես նախկինում, Ադրբեջանի նախագահը Հայաստանի նման քաղաքականությունը կապել է այնտեղ առկա «ռևանշիստական տրամադրությունների» հետ։
Հատկանշական է այն, որ Ադրբեջանն ինքն էլ ոչ պակաս «յոթ մղոնանոց քայլերով» է աշխատանքներ տանում իր զինված ուժերի հզորության ամրապնդման ուղղությամբ և անընդհատ ավելացնում է իր ռազմական ուժը։ Հատկանշական է նաև այն, որ Ալիևը կիսվել է Հայաստանի աճած «ռազմականացման» վերաբերյալ իր գնահատականներով Հայաստանի պաշտպանության նախարարի Փարիզ կատարած հերթական այցի ֆոնին։
Ալիևի վերջին հայտարարությունները ցույց են տալիս Ադրբեջանի ղեկավարության վճռականությունը շարունակելու ուժի դիրքերից գործ ունենալ հայ գործընկերների հետ։ Բաքվի նպատակը մարտի դաշտում իր ռազմական հաջողությունները բանակցային սեղանի շուրջ քաղաքական նվաճումների վերածելու մեջ է, և դա մնում է արդիական։
Եթե Ադրբեջանի վերոնշյալ պայմանը՝ միջազգային ատյաններում միմյանց դեմ հայցերից հրաժարվելու համար, չպետք է պատճառ դառնա, որ Հայաստանը հիմնովին ընդդիմանա հարևան երկրի իշխանությունների այդ առաջարկին, ապա սահմանին երրորդ կողմի հետ կապված հարցը շատ ավելի բարդ է: Հայ-ադրբեջանական սահմանի Եվրամիության դիտորդական առաքելությունը Երևանը դիտարկում է որպես տարածաշրջանում անվտանգության ապահովման լուրջ գործոններից մեկը։ Բաքվի համար, ընդհակառակը, եվրոպացի դիտորդների առկայությունը (նկատենք, որ նրանք իրենց պարեկությունն իրականացնում են բացառապես Հայաստանի տարածքում) ապակայունացնող գործոն է թվում։
Հայաստանը հայտնվել է շատ ծանր վիճակում: Մի կողմից, Ադրբեջանի հետ երկար սպասված խաղաղության պայմանագիրը հասանելի է միայն մի քանի քայլերից հետո, մյուս կողմից, այդ քայլերի կատարման դեպքում կարող է նոր մարտահրավերների առաջ կանգնել, և այդ դեպքում ադրբեջանական կողմը լրացուցիչ պայմաններ կառաջարկի։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը