Ինչ է կատարվել Երևան-Մոսկվա չվերթի ժամանակ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌուսաստանի տրանսպորտային ոստիկանությունը բերման է ենթարկել Երեւան-Մոսկվա չվերթի ուղեւորին, ով ինքնաթիռում ծեծկռտուք է սկսել ու հարվածել բորտուղեկցորդուհուն։
Միջադեպը տեղի է ունեցել «Վնուկովո» օդանավակայանում, գրել է ՏԱՍՍ-ը։
ՌԴ ՆԳՆ Կենտրոնական դաշնային օկրուգի տրանսպորտի վարչության մամուլի ծառայությունը հայտնել է, որ հերթապահությունից տեղեկություն է ստացվել թռիչքի ժամանակ ագրեսիվ վարքագիծ դրսևորած ոչ պատշաճ ուղեւորի մասին։
Ոստիկանության աշխատակիցները ժամանել են թռիչքուղու մոտակա կայանատեղի, որտեղ անձնակազմի անդամները մատնանշել են խախտում թույլ տվողին։ Տղամարդը ուժ է կիրառել, հարվածել բորտուղեկցորդուհու գլխին և անտեսել անձնակազմի նախազգուշացումները։
Հաղորդվում է, որ 1982 թվականին ծնված ձերբակալվածը օտարերկրացի է, որը ժամանել է այլ երկրից։ Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 213 հոդվածի հատկանիշներով (խուլիգանություն օդային տրանսպորտում բռնության գործադրմամբ)։ Այս հոդվածը նախատեսում է պատիժ՝ ազատազրկում՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով։ Տղամարդը կալանքի տակ է։