Հայերի հասցեին հայհոյանքներից հետո երևանյան սրճարանում ծեծել են ռուս տրանսգենդեր տիկտոկերին

Երևանի Զաքյան փողոցում գտնվող «Վայբ» սրճարանում ազգությամբ ռուս «Ռիժուլյա» օգտանունով տրանսգենդերը, «Տիկ Տոկ» հարթակում դուրս գալով ուղիղ եթեր, սրճարանի ներսում հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ, հեռարձակմամբ հայհոյել է նաև հայերին, վիրավորել նրանց, որից հետո 6-7 երիտասարդ մուտք են գործել սրճարան և հարվածներ հասցրել վերջինիս:
Միջադեպի հետևանքով վնասվել է սրճարանի գույքը:
Ոստիկանները նշված սրճարանից խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալվել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել ՌԴ քաղաքացի 22-ամյա Կիրիլ Ատաևին՝ «Ռիժուլյա»-ին:
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
Նշենք՝ վերջինս առաջին անգամ չէ, որ Երևանում հայտնվում է սկանդալի կենտրոնում:
Օրեր առաջ Հայաստանում գտնվող ռուս տրանսգենդերը ՀՀ ոստիկանությունից տեսանյութ է հրապարակել, որտեղ նա ոստիկանության բաժնում նկարահանումներ է իրականացնում և ծաղրում ոստիկաններին, իսկ դեռևս 2023 թվականին ՀՀ ոստիկանությունը ձերբակալել էր երկու բլոգերի, որոնք Երևանի կենտրոնում ծաղրում էին մարդկանց, մրգեր շպրտում նրանց ուղղությամբ, կտրում ծաղկի կրպակներից մեկի ծաղիկները: Նրանցից մեկը հենց «Ռիժուլյա»-ն էր:
Տիկտոկյան հերթական լայվերից մեկի ժամանակ վերջերս ադրբեջանցի իր ընկերներից մեկի հետ զրույցում այս անձը հայտարարել էր, որ պատրաստ է գումարի դիմաց իր կղանքից կարկանդակներ պատրաստել և բաժանել Երևանի փողոցներում շրջող մարդկանց: Տիկտոկյան այս լայվից հետո տրանսգենդերը հայտնվել էր ոստիկանությունում: