«Բացեիբաց խոսում են, որ ապրիլին հարձակում է նախատեսվում, հող են նախապատրաստում». իրավիճակը՝ սահմանին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Մարտի 16-ին՝ կիրակի, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը օրվա մեջ մի քանի անգամ կեղծ հաղորդագրություններ է տարածել, թե իբր տարբեր ժամերի ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ ՀՀ պաշտպանության նախարարությունը նույնքան հերքեց, նշելով, որ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։
«Ոչ մի շարժ ու անգամ մի կրակոց չի հնչել սահմանին, ո՛չ մեր կողմից, ո՛չ իրենց։ Ամեն ինչ սովորականի պես հանգիստ է եղել։ Չգիտեմ ինչ նպատակով են այդ հաղորդագրությունները հրապարակել։ Ես ամբողջ գիշեր աչք չեմ փակել, սպասել եմ, որ գուցե գիշերն ինչ որ բան լինի, բայց ամեն ինչ հանգիստ է եղել։ Իրենց ասելով, մոտ 35 րոպե կրակ է եղել։ Եթե անգամ մի թեթև կրակոց լինի սահմանին, մենք գյուղում կլսենք»,- MediaHub-ին ասաց Սյունիքի մարզի Խնածախի վարչական ղեկավար Սեյրան Միրզոյանը։
Մենք կապ հաստատեցինք նաև Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի բնակչի հետ։ Հիշեցնենք, որ 2022 թվականի երկօրյա մարտերից հետո ադրբեջանական զորքը մոտեցել է քաղաքին և արդեն 3-րդ տարին դիրքավորվել է ՀՀ սուվերեն տարածքում։ Այստեղ նոր դիրքեր ու հենակետեր են կառուցել, իրականացրել ամրաշինական աշխատանքներ։
«Ոչ միայն Ջերմուկն է վերահսկվում, այլև մենք ենք տեսնում իրենց շարժը, անցուդարձը։ Անցած օրերին բավականին հանգիստ է եղել, որևէ կրակոց չենք լսել, լարվածություն չկա»,- MediaHub-ին ասաց Տիգրան Կարապետյանը։
Նրա խոսքով՝ ադրբեջանական ապատեղեկատվությունը մեկ նպատակ ունի ընդամենը։ «Արդեն բացեիբաց խոսում են, որ ապրիլին հարձակում է նախատեսվում։ Անգամ իրենց կողմից տեսանյութեր են տարածվում, թե ինչպես են տասնյակ հազարավոր զորքով առաջ գալիս՝ ուղղությունը Զանգեզուր (հին տեսանյութեր են տարածվում – խմբ.)։ Իսկ հարձակումից առաջ, բնական է, պետք է դրա համար նախ հող նախապատրաստել, ինչը անում են կեղծ հաղորդագրություններով»,- հավելեց նա։
Իրավիճակը գնահատելու նպատակով այսօր հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներ են մեկնել Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության պարեկները։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի կեղծ հաղորդագրությունների ֆոնին, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՔՊ-ական Արսեն Թորոսյանը գրել է․ «Ադրբեջանի՝ ՀՀ ԶՈՒ կողմից իրենց դիրքերի վրա հարձակումների մասին շարունակական կեղծ պնդումները ևս մեկ անգամ ապացուցում են, որ երկկողմանի համաձայնեցված խաղաղության պայմանագիրը լավ բանակցված փաստաթուղթ է մեր համար»։