Գյումրիում ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու իրավական վակուումի հարցը կլուծվի օրենսդրական փոփոխությամբ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀամայնքի ղեկավարի կամ ավագանու մանդատների լիազորությունների դադարեցման դեպքում առաջացող իրավական վակուումը դարձել է օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտության հիմք։ Այս մասին ասաց Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն՝ անդրադառնալով Գյումրիում ստեղծված իրավիճակին։
«Այդ իրավական վակուումը պետք է շատ արագ համալրվի և դրան է ուղղված այս նախագիծը։ Նախագիծը վերաբերվում է հետևյալ իրավիճակին, երբ արդեն իսկ ավագանին ցրված է կամ համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են և այդ վաղաժամկետ դադարեցման պահին չկա որևիցե անձ, ով լեգիտիմ եղանակով օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է հանդիսանալ կամ դիտարկվել որպես համայնքի ղեկավար կամ համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Նախագիծը նախատեսում է, որ համայնքի ղեկավարի կամ ավագանու լիազորությունների դադարեցման դեպքում, եթե չկա օրենսդրությամբ լիազորված անձ, ով կարող է ստանձնել ժամանակավոր պաշտոնակատարի գործառույթները, ապա ժամանակավոր պաշտոնակատար կնշանակի համապատասխան մարմինը․գյուղական համայնքների դեպքում՝ մարզպետը, այլ համայնքների դեպքում՝ վարչապետը»,-ասաց Վլադիմիր Վարդանյանը։
Նրա խոսքով՝ լուծումը ժամանակավոր է, որը կտևի մինչև նոր ավագանու ձևավորումը։
«Պաշտոնակատարը կունենա լիազորություն իրականացնել համայնքի ղեկավարի գործառույթները, մասնավորապես՝ կազմակերպել ընտրական գործընթացը և ապահովել համայնքի բնականոն գործունեությունը»,-ընդգծեց Վարդանյանը։
Նա հավելեց, որ նախագիծը նախատեսվում է քննարկել արտահերթ նիստի ընթացքում՝ ապահովելու արագ լուծում Գյումրիում և նմանատիպ այլ համայնքներում առկա իրավիճակներին։