Հերթակա՞ն, թե՞ արտահերթ․ «Հրապարակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հրապարակը» գրում է․ Չնայած խորհրդարանի հերթական ընտրություններին դեռ տարիուկես կա, բայց ընդդիմադիրներից ոմանք վստահ են, որ Նիկոլ Փաշինյանը գարնանն արտահերթ ընտրությունների է գնալու` դատելով նրա ակտիվ փիառ քայլերից: Ուստի ընտրություններին մասնակցության ձեւաչափեր են արդեն քննարկում, որ անակնկալի չգան, երբ Փաշինյանը հայտարարի այդ մասին։ Ամենաինտրիգայինը, իհարկե, նախկին նախագահների մասնակցության հարցն է: Տեղեկություններ կան, որ նախկին 3 նախագահներն էլ իրենց դեմքով չեն մասնակցելու: Հաջորդ ինտրիգը վերաբերում է այսօր խորհրդարանում ամենամեծ ֆրակցիան ունեցող ՀՅԴ-ին: Լուրեր են շրջանառվում, որ Դաշնակցությունը մտադիր է ընտրություններին միայնակ մասնակցել` առանց քոչարյանականների հետ համագործակցելու։
2021 թվականի ընտրություններին, հիշեցնենք, «Հայաստան» դաշինքի մաս կազմեց 3 ուժ` Ռոբերտ Քոչարյանի անկուսակցական թիմակիցները, ՀՅԴ-ն եւ Վահե Հակոբյանի «Վերածնվող Հայաստանը»: ՀՅԴ-ն, որպես ամենահին ու կազմակերպված կառույց, կարծում է, որ ունակ է իր ուժերով հաղթահարել ԱԺ մտնելու անցողիկ շեմը: Քոչարյանական թեւն իր հերթին վստահ է, որ ՀՀ երկրորդ նախագահի չափ հեղինակություն ոչ ոք չունի, եւ դաշինքի լոկոմոտիվն իրենք են եղել, ու ՀՅԴ-ն այդ համագործակցությունից միայն շահել է: Մեր փորձերը` լսել «Հայաստան» դաշինքի անդամների մեկնաբանությունները, անհաջողության մատնվեցին․ նրանք համառորեն հրաժարվում են խոսել այս թեմայով: Իսկ ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը, լսելով մեր հարցը՝ հաջորդ ընտրություններին միայնա՞կ են մասնակցելու, ասաց. «Ընտրությունների մասին ընդհանրապես որեւէ մեկնաբանություն չունեմ»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 10․ 12․ 24 թ համարում։