Ծանոթ ու միաժամանակ անհայտ … փետրաբաճկոն
ՖՈՏՈՓետրաբաճկոնը (ռուսերեն Пуховик) միջուկով տաք վերնահագուստ է, որը նախատեսված է ցուրտ եղանակին մարդուն պաշտպանելու համար:
Փետրաբաճկոնի արտաքին դիզայնի բազմաթիվ տարբերակներ կան։ Ենթադրվում է, որ այդ հագուստի առաջին տարբերակները կարող էին հայտնվել 12-րդ դարում Ասիայում: Չկա ճշգրիտ տեղեկություն այն մասին, թե որ երկրում են սկսել առաջին անգամ նման հագուստ կարել, սակայն կարելի է միայն ենթադրել, որ դա եղել է Չինաստանը, Մոնղոլիան կամ Ճապոնիան, քանի որ այդ ասիական երկրներն են համեմատաբար ցուրտ: Այնուամենայնիվ այդ հագուստն այնտեղ լցոնել են բամբակով, զարդարել թանկարժեք քարերով, դրանք բավականին ծանր են եղել։
Ամենայն հավանականությամբ, ներսից փետուրներով լցոնված առաջին իսկական փետրաբաճկոնները ստեղծվել են Նորվեգիայում։ Երկրի կլիման է ստիպել բնակիչներին փնտրել տաք հագուստի տարբերակներ: Նորվեգացիները մորթի քիչ են ունեցել մորթյա բաճկոններ պատրաստելու համար, ուստի էլ սկսել են օգտագործել գագա բադի փետուրները, ավելի ճիշտ աղվամազը, բաճկոնները լցոնելու համար։ Այդ ափամերձ երկրում անգամ նոր մասնագիտություն է հայտնվել՝ գագայի աղվամազ հավաքող: 16-րդ դարում Նորվեգիայի թագավորը բացել է առաջին բուծարանները, որտեղ բուծել են գագա բադեր, իսկ բուծարանների մոտ տեղադրվել են գիշատիչների դեմ պաշտպանիչ սարքավորումներ։ Մինչ այժմ էլ գագա բադի աղվամազը, որով նա ձևավորում է իր բույնը համարվում է լավագույններից մեկը փետրաբաճկոններ կարելու համար։
Եվրոպական այլ երկրներում ևս նմանատիպ բաճկոններ են կարել։ Որպես լցոնիչ օգտագործվել են թռչունների փետուրները և աղվամազը: Սկզբից փորձել են օգտագործել հավի ու հնդկահավի աղվամազն ու փետուրներ, բայց արագ պարզվել է, որ նման լցոնիչները հարմար չեն, դրանք արագ են փտում ու փչանում: Պարզ է դարձել, որ կարելի է օգտագործել միայն ջրային թռչուններից հումք, քանի որ նրանց փետուրները պատված են հատուկ քսանյութով։
20-րդ դարում առաջացել է փետրաբաճկոնների զանգվածային արտադրության անհրաժեշտություն, քանի որ բևեռախույզները, լեռնագնացները, դահուկորդները, զինվորականները և փայտահատները դրանցով կարող էին իրենց հարմարավետ զգալ ցածր ջերմաստիճանների պայմաններում: Հստակ հայտնի չէ, թե ով է առաջինը հորինել մեզ ներկայումս ծանոթ փետրաբաճկոնը, սակայն 1922 թվականին ալպինիստ Ջորջ Ինգլ Ֆինգն է օգտագործել այդ հագուստն Էվերեստը բարձրանալու համար: 1940 թվականին Էդի Բաուերն է արտոնագիր ստացել ժամանակակից փետրաբաճկոնի արտադրության համար։ 1952 թվականին ԱՄՆ-ում սկսվել է Snorkel Parka Army փետրաբաճկոնի արտադրությունը։
1964 թվականից նման բաճկոնները հասանելի են դարձել զանգվածային սպառողների համար, և դարձել մոդայիկ: Ներկայումս ժամանակակից բաճկոնների լցոնման համար օգտագործվում են տարբեր նյութեր: Ինչպես նախկինում, լավագույնն են համարվում ջրլող թռչունների փետուրն ու աղվամազը։ Բաճկոնի մակերեսը պատրաստվում է դիմացկուն գործվածքից։ Որոշ բաճկոններ կարող են պաշտպանել մարդուն -85°C չափազանց ցածր ջերմաստիճանից: Նշենք միայն, որ մինչև 2002 թվականը փետրաբաճկոնները համարվել են հիմնականում սպորտային հագուստ: Հետո նորաձևության ցուցադրություններից մեկում Ջոն Գալիանոն առաջարկել է կանացի անսովոր փետրաբաճկոն, որը սկսել են կրել շատերը։
Մեր օրերում առաջարկվում են փետրաբաճկոնների հսկայական թվով տարբեր մոդելներ, որոնք ոչ միայն հարմարավետություն և ջերմություն են հաղորդում, այլ նաև զարդարում են իրենց տերերին։
Կ. Խաչիկյան