«Բոլորը սպասում են». փորձագետն արձագանքել է Զանգեզուրի միջանցքը բացելու Ալիևի մտադրությանը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Հայաստանի տարածքով անցնող Զանգեզուրի միջանցքը «բացելու» մտադրության մասին։ Դա Բաքվին թույլ կտա ուղիղ ցամաքային հաղորդակցություն հաստատել Թուրքիայի հետ։ «Հայաստանը չպետք է աշխարհագրական պատնեշ լինի Թուրքիայի և Ադրբեջանի միջև։ Զանգեզուրի միջանցքը պետք է և բաց կլինի, և ինչքան շուտ դա հասկանան, այնքան լավ»,- ասել է Ալիևը։
Նման հայտարարությունները, որոնք այսօր ադրբեջանական կողմից ավելի վճռական են հնչում, զոնդավորման բնույթ են կրում, իրականում հիմա բոլորը սպասում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությանը, svpressa.ru-ի հետ զրույցում պարզաբանել է Մերձավոր Արևելքի և Կովկասի հարցերով փորձագետ, քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը։ Նրա խոսքով, Բաքվի և թուրքական լրատվամիջոցները լի են տարբեր կանխատեսումներով։ Ադրբեջանցիները պնդում են, որ Թրամփը Թուրքիայի նախագահին անվանելով իր ընկերը վարելու է ադրբեջանամետ քաղաքականություն, իսկ հայերը հակառակին են հավատում։
«Հետո Զանգեզուրի միջանցքը կբացե՞ք։ Ինչպե՞ս եք դա անելու: Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները խափանվել են: Բոլորը սպասում են վճռական քայլին։ Ավելին, ամեն ինչ ընթանում է մերձավորարևելյան իրադարձությունների համատեքստում։ Ալիևն արդեն սկսել է մեկնաբանել սիրիական ու իրանական գործոնները: Նա սկսում է զգալ, որ ցունամի է մոտենում և փորձում է որոշել իր տարբերակները։ Եվ շուտով, թերևս, Հայաստանի հետ նրա հարաբերությունները սկսեն շատ մասնավոր բնույթ կրել և դրանք մեծ ուշադրություն չեն գրավի։ Ուստի նրա խոսքերին պետք է վերաբերվել հանգիստ, նույնիսկ հեգնանքով, և չշտապել եզրակացություններ անել»,- պարզաբանել է հրատարակության զրուցակիցը։
Ալիևը նաև կոչ է արել Ֆրանսիային դադարեցնել զենքի մատակարարումը Հայաստանին դա համարելով տարածաշրջանում սպառնալիքի աղբյուր և վերադարձնել արդեն մատակարարված զենքը։ Նա դա անվանել է Բաքվի «նախապայման»: Svpressa.ru-ի այն հարցին, թե արդյո՞ք Փարիզը Երևանի իսկական դաշնակիցն է, Տարասովը պատասխանել է, որ այո, այնուամենայնիվ, եթե իրական գործողություններ լինեն, ապա Ֆրանսիան հեռուն չի գնա։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը